-
ՈԻ՞ր գնալ
-
Պատմամշակույթային վայրեր
-
Եկեղեցիներ
-
Սբ. Խաչ ք․Ապարան

Եկեղեցին հայտնի է նաև Քասաղի եռանավ բազիլիկ: Եկեղեցին ունի ուղղանկյուն հատագիծ, կառուցված է արևելք- արևմուտք առանցքով, ներսից` պայտաձև, արտաքինից` հնգանիստ բեմի աբսիդով: Կառույցը վեցամույթ եռանավ բազիլիկայի հորինվածքով կերտված ճարտարապետական հուշարձան է: Աղոթասրահի չափերն են 9,9x19,8մ: Աղոթասրահի և աբսիդի բոլոր պատերը լավ պահպանվել են ու ամբողջական վիճակում են: Շինությունն ունի 4 մուտք, որոնցից երեքը` շքամուտքով, իսկ չորրորդը բացվում է դեպի հյուսիսային կից կառույցը: Պատուհանները գտնվում են աբսիդի, հարավային և արևմտյան ճակատների վրա: Հետաքրքիր լուծում ունեն հարավային ճակատի պատուհանները. դրանք երեքն են և տեղադրված են տարբեր բարձրությամբ: Բավական հետաքրքիր ու շքեղ են հարդարված շքամուտքների բարավորները: Արևմտյան մուտքի բարավորի վրա քանդակված է խաղողի ողկույզներով շրջանակ, որի ներսում պատկերված է հավասարաթև խաչ, իսկ վերջինիս երկու կողմերում` մեկական եղջերու: Յուրաքանչյուր եղջերուի հետևում պատկերված է փոքրիկ արմավենի, մնացած ազատ տեղը լրացված է ոլորապտույտ որթով ու ողկույզներով: Նույնպիսի պատկեր ունի հարավային ճակատի աջակողմյան շքամուտքի բարավորը: Հյուսիսային պատի վրա եղած փոքրիկ արձանագրությունից իմացվում է, որ 1877 թ. եկեղեցու բեմը նորոգվել է, կտուրը` փայտով ծածկվել: Սակայն հետագայում կրկին քանդվել է: 1984 թ. ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի ղեկավարությամբ եկեղեցու շրջապատը մաքրվեց, կատարվեցին մասնակի պեղումներ, բացվեցին հյուսիսային կից կառույցը և նրանից հյուսիս ընկած միանավ բազիլիկ եկեղեցին: Բազմակողմանի ուսումնասիրությունները հիմնավորեցին այն տեսակետը, որ Քասաղի բազիլիկը պետք է ստեղծված լինի Հայաստանում քրիստոնեական կրոնը պետական հռչակելու սկզբնական շրջանում, այսինքն` ոչ ուշ, քան 4-րդ դարի սկզբներին: Ա. Սահինյանը միաժամանակ կրկնեց այն միտքը, որ դեռևս դարասկզբին հայտնել էր բազմավաստակ Թ. Թորամանյանը, և որի համաձայն բազիլիկը ՙ...թերևս եղած լինի եկեղեցու փոխակերպված հեթանոսական տաճար՚: Պեղումների ժամանակ Սուրբ Խաչից գտնվել էր Սելևկյան թագավոր Անտիոքս 7-րդ Էվերգետոսի /մ.թ.ա. 198-129/ ոսկե տետրադրախմա: Մեծ արժեք են ներկայացնում եկեղեցու շրջապատում գտնվող խոյակների ու կոթողների պատվանդանների վրա դրվագված քանդակները: Դրվագված մի խոյակ այժմ ցուցադրվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում: 50սմ բարձրությամբ խոյակի երեք կողմերին քանդակված են դափնու ճյուղ, ուռուցիկ շրջանակի մեջ հավասարաթև խաչ, խոզի կերպարանք ընդունած Տրդատ Գ թագավորը: Եկեղեցու շրջապատում մնում են հնագույն խաչարձանների, քառակող սյունաքարերի բեկորներ:
Վերադառնալ նախորդ էջին